Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 19

:
Armenian - NEA
1 Աքաաբը իր կնոջը՝ Հեզաբելին, պատմեց այն ամենը, ինչ Եղիան արել էր, և թե ինչպես նա բոլոր մարգարեներին սրակոտոր էր արել։
2 Հեզաբելը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Եթե դու Եղիան ես, իսկ ես՝ Հեզաբելը, ապա թող աստվածներն ինձ այսպես ու այսպես անեն և դեռ ավելին, եթե վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարեներից յուրաքանչյուրին արեցիր դու»։
3 Եղիան վախեցավ, ելավ գնաց այդտեղից, եկավ Հուդայի Բերսաբեե քաղաքը։ Այնտեղ թողնելով իր ծառային՝
4 ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։
5 Նա քուն մտավ, ննջեց ծառի տակ։ Եվ ահա մեկը մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»։
6 Եղիան նայեց և տեսավ իր սնարից կախված հաճարի նկանակ և ջրի կուժ։ Նա ելավ, կերավ, խմեց և դարձյալ ննջեց։
7 Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»։
8 Նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու լեռը՝ Քորեբ։
9 Նա մտավ քարայրն ու այնտեղ օթևանեց։ Եվ ահա նրան հասավ Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
10 Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։
11 Տերն ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա՝ Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։
12 Երկրաշարժից հետո կրակ կթափվի, սակայն Տերը կրակի մեջ չի լինի։ Կրակից հետո մեղմ օդի ձայն կլինի. Տերն այնտեղ կլինի»։
13 Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշվե վերարկուով ծածկեց երեսը, եկավ ու կանգնեց քարայրի տակ։ Եվ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
14 Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանի որ Իսրայելի որդիներն անտեսեցին քո ուխտը, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։
15 Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, և երբ հասնես, Ազայելին ասորիների թագավոր կօծես,
16 Ամեսսեի որդի Հեուին՝ Իսրայելի թագավոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսեեին քո փոխարեն մարգարե կօծես։
17 Այնպես կլինի, որ Ազայելի սրից ազատվածին Հեուն կսպանի, իսկ Հեուի սրից ազատվածին՝ Եղիսեեն։
18 Իսրայելում կթողնես յոթ հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին և շրթունքներով նրան չեն համբուրել»։
19 Նա գնաց այնտեղից ու գտավ Սափատի որդի Եղիսեեին, որը տասներկու եզով վար էր անում, և եզները զույգ-զույգ նրա առաջ էին, իսկ ինքը տասներկուերորդ զույգն էր քշում։ Եղիան մոտեցավ և իր կաշվե վերարկուն նետեց Եղիսեեի վրա։
20 Եղիսեեն թողեց եզներն ու վազեց Եղիայի հետևից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հորս ու մորս, ապա հետևեմ քեզ»։ Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»։
21 Վերադառնալով՝ նա մի զույգ եզ վերցրեց, մորթեց և հերկելու գործիքներով խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին։ Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի հետևից ու ծառայեց նրան։